Archives

Author's Posts

Վիտամինները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք մասնակցում են նյութափոխանակությանը: Վիտամին D-ն մասնակցում է օրգանիզմում կալցիումի յուրացմանը և ոսկրային համակարգի ամրապնդմանը:
Սինթեզվում է օրգանիզմում խոլեստերինի և մաշկային մելանինի մասնակցությամբ՝ մաշկին արևի (ուլտրամանուշակագույն) ճառագայթների անմիջական հպման ժամանակ:
Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ են անցկացվել և պարզվել է վիտամին D-ի կարևորությունը քաշի անկման գործում, 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար, չարորակ նորագոյացությունների առաջացման կանխարգելման գործում և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այս վիտամինի քանակն օրգանիզմում պահել բավարար մակարդակի վրա: Նորմայում վիտամին D-ն պետք է լինի բարձր 30 նգ/մլ:
Հետազոտությունը անցնելու համար պարտադիր է լինել քաղցած, չօգտագործել ալկոհոլ և ծխախոտ:

Վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատման ամենակարևոր լաբորատոր թեստն է:
Թիրեոտրոպ հորմոնը (ԹՀ) սինթեզվում է հիպոֆիզում, ազդում է վահանաձև գեղձի ընկալիչների վրա` խթանելով թիրեոիդ հորմոնների սինթեզը, որոնք իրենց հերթին ապահովում են օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը: ԹՀ-ի մակարդակը կարգավորվում է թիրեոտրոպին-ռելիզինգ հորմոնի միջոցով, որը սինթեզվում է հիպոթալամուսում: ԹՀ-ի մակարդակը հակադարձ համեմատական է թիրոքսինի մակարդակին, այսինքն, եթե օրգանիզմում թիրոքսինի մակարդակը ցածր է (վահանաձև գեղձը քիչ է սինթեզում), ավելանում է ԹՀ-ի քանակը, որի ավելացումը բերում է վահանաձև գեղձի կողմից թիրոքսինի ավելի ուժգին սինթեզին: Եվ երբ թիրոքսինի քանակը բավարար (կամ ավել) է լինում, դա բերում է ԹՀ-ի քիչ արտադրմանը:
Նորմայում մեծահասակների մոտ ԹՀ-ի մակարդակը պետք է լինի 0.27-4.2 µU/ml:
Հորմոնի մակարդակի բարձրացումը խոսում է վահանաձև գեղձի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի մասին, որի ժամանակ իջնում է թիրոքսինի մակարդակը, հետևաբար՝ դանդաղում է նյութափոխանակությունը և մարդը սկսում է գանգատվել հոգնածությունից, քնկոտությունից, գիրացումից՝ առանց սննդակարգ փոխելու, դիտվում է մաշկի չորություն հիմնականում՝ արմունկի շրջանում):
Հորմոնի մակարդակի ցածրացումը խոսում է վահանաձև գեղձի գերֆունկցիայի՝ հիպերթիրեոզի մասին: Այս դեպքում արագացած նյութափոխանակությունը բերում է քաշի կորստի և գերգրգռվածության:
Հայաստանը գտնվում է հիվանդության էնդեմիկ գոտում՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի համար անհրաժեշտ յոդի քիչ քանակի պատճառով: Թիրեոպաթոլոգիաները հանդիպում են շատ հաճախ: Դրա համար խորհուրդ է տրվում հաճախակի ստուգվել, չսպասել գանգատների առաջացմանը և խնդրի դեպքում ժամանակին սկսել բուժումը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

insulin, shaqar

Արյան ընդհանուր քննությունը (ԱԸՔ) օրգանիզմի վիճակը գնահատելու, սկրինինգային, առաջին լաբորատոր թեստն է, որը պատկերացում է տալիս արյան ձևավոր տարրերի քանակի, որակի և նրանց միմյանց հետ հարաբերության մասին:
ԱԸՔ ներառում է հեմոգլոբինի, լեյկոցիտների, էրիթրոցիտների, թրոմբոցիտների քանակական հաշվարկ, վերջիններիս բաշխումը ըստ ծավալի և կոնցենտրացիայի, ինչպես նաև էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ):
Լայնածավալ (развернутый) ԱԸՔ մեջ ավելանում է նաև լեյկոցիտների տարատեսակների տոկոսային և բացարձակ արժեքների որոշումը:
Օրգանիզմի ոչ բնականոն գործունեության ժամանակ փոխվում է արյան ձևավոր տարրերի կազմը և այդ փոփոխության որոշումը օգնում է բժշկին կողմնորոշվել բուժման մեջ:
ԱԸՔ միջոցով ախտորոշվում են այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝ արյան չարորակ հիվանդությունները, անեմիաները, թրոմբոցիտոպենիան, մոնոնուկլեոզը և այլն: Ցույց է տալիս օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները, նրանց տարատեսակները: Մեծ նշանակություն ունի ինչպես հիվանդությունների ախտորոշման, այնպես էլ մոնիթորինգի համար:
ԷՆԱ-ն հետազոտություն է, որը խոսում է բորբոքային պրոցեսների առկայության մասին: Պայմանավորված է նրանով, որ բորբոքման ժամանակ սինթեզվում են սուր փուլի սպիտակուցներ, որոնց տեսակարար կշիռը մեծ է. այս սպիտակուցները նստում են էրիթրոցիտների վրա և խթանում դրանց իջեցումը: Այդ իսկ պատճառով բորբոքային պրոցեսների ժամանակ ունենք ԷՆԱ-ի բարձր ցուցանիշներ:
Հետազոտությունը ժամանակակից լաբորատոր կենտրոններում կատարվում է ավտոմատ հեմատոլոգիական անալիզատորների միջոցով, որոնք հաշված րոպեների ընթացքում տալիս են 20-25 պարամետր: