Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-գաստրոէնտերոլոգ՝ Արեն Ստյոպայի Ներսիսյանը

Հելիկոբակտերային վարակը ամենատարածված քրոնիկական բակտերիալ վարակներից մեկն է: Տարածվածությունը միջինում կազմում է 50%, այնուամենայնիվ այն կարող է լինել ավելի քան 80% (աշխարհագրական վարիացիա): Հելիկոբակտերային վարակը ձեռք է բերվում միջինում 12 տարեկան հասակում և կարող է կլինիկորեն չդրսևորվել տասնյակ տարիներ:

Հելիկոբակտեր ասոցացված հիվանդությունների շարքը բազմազան է՝ քրոնիկական գաստրիտ (ոչ ատրոֆիկ, ատրոֆիկ), ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն, ստամոքսի ուռուցքային հիվանդություններ` ադենոկարցինոմա, ոչ Հոջկինյան B բջջային լիմֆոմա (MALT լիմֆոմա): Առկա է նաև կապ հելիկոբակտերային վարակի և չբացահայտված երկաթ պակասորդային սակավարյունության, իդիպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի, Բ12 պակասորդային անեմիաների միջև: Սա նշանակում է, որ հելիկոբակտերային վարակի բուժումը հանդիսանում է կարևոր քայլ ասոցացված վիճակների առաջացման կանխարգելման/ բուժման համար:

Ցանկացած իրավիճակում, երբ հայտնաբերվում է հելիկոբակտերային վարակ, ապա խորհուրդ է տրվում իրականացնել էռադիկացիոն թերապիա: Բուժումը ներառում է ստամոքսում աղաթթվի արտազատումը նվազեցնող դեղամիջոցներ՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ զուգակցված հակամանրէային միջոցների հետ՝ պարտադիր է 2 հակամանրէային դեղամիջոցի օգտագործումը: Բուժումից հետո պարտադիր է համարվում հելիկոբակտերային վարակի կրկնակի տեստավորումը՝ հաստատելու համար բուժման հաջողությունը:

Հատկապես COVID-19 համավարակի պայմաններում մի շարք հակամանրէային միջոցների լայն օգտագործումը (մակրոլիդային և ֆտորխինոլոնային) զգալի մարտահրավերային է դարձրել հելիկոբակտերային վարակի արդյունավետ բուժումը: Դեռևս հաստատված չէ այնպիսի կլինիկական իրավիճակ, որը հանդիսանում է բացարձակ հակացուցում բուժում իրականացնելու համար: Հակամանրէային միջոցներից որևէ մեկից ալերգիայի առկայության դեպքում կարելի է փոխարինել այլ խմբի հակամանրէային միջոցով:

Հելիկոբակտերի բուժումը արդյունավետ մեջոց է նվազեցնելու համար ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը: Դեռևս չկա պատվաստանյութ, որը հուսալիորեն պաշտպանում է հելիկոբակտերային վարակից, սակայն հետազոտությունները այս կոնտեքստում շարունակվում են: