Շագանակագեղձի ադենոման՝ բարորակ գերաճը, բազմապատճառային հիվանդություն է, որն առաջանում է շագանակագեղձի հարմիզուկային գեղձային զոնաների գերաճի հետևանքով` հանգեցնելով ստորին միզուղիների խցանման:
Հիվանդության դեպքում առաջանում են հետևյալ գանգատները.
- Գիշերային հաճախամիզություն,
- Մեզի շիթի թուլացում,
- Ցնցուղանման շիթ,
- Ընդհատվող շիթ,
- Կաթիլային տիպի միզարձակություն,
- Միզարձակությունից հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
- Միզարձակության անհետաձգելի (իմպերատիվ) կանչեր,
- Ցերեկային հաճախամիզություն,
- Ցածր ծավալով միզարձակություն,
- Նշված ախտանիշներին ավելանում է նաև միզարձակության սկզբի ուշացումը: Հաճախ միզարձակություն սկսելու համար որովայնի մկանները լարելու կարիք է առաջանում, որն առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Ադեկվատ բուժման բացակայության դեպքում, մասնավորապես հիվանդության վերջին փուլերում, կտրուկ մեծանում է սուր միզակապության և երիկամային անբավարարության, ինչպես նաև այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսիք են միզապարկի դիվերտիկուլները և քարերը, ստորին միզուղիների խրոնիկ բորբոքային հիվանդությունները:
- Նշված ախտանիշները կարող են հանդիպել ոչ միայն շագանակագեղձի ադենոմայի դեպքում, այլ նաև հետևյալ դեպքերում.
- Միզային համակարգի բորբոքային հիվանդություններ,
- Արյունամիզություն,
- Միզարձակության նյարդային բնույթի խանգարումներ,
- Միզապարկի քախցկեղ,
- Միզուկի լուսանցքի նեղացում,
- Շագանակագեղձի քախցկեղ և այլն:
- Առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կարևոր դեր է հատկացվում հորմոնալ ստատուսի փոփոխությանը և ծերացմանը: Շագանակագեղձի ադենոման դիտարկվում է որպես խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն: Պրոգրեսիայի ռիսկի ապացուցված գործոններից են հանդիսանում.
- Տարիքը,
- Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) 1.5նգ/մլ-ից բարձր մակարդակը,
- Շագանակագեղձի 30սմ3-ից մեծ ծավալը,
- Վերոնշյալ ախտանիշների միջին կամ ծանր աստիճանի արտահայտվածությունը
Ախտորոշումը հիմնված է գանգատների, անամնեզի, ֆիզիկալ, լաբորատոր և գործիքային քննությունների վրա: Շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշումը:
Շագանակագեղձի ադենոման պետք է տարբերակել այնպիսի հիվանդություններից ինչպիսիք են.
- Միզուկի բացվածքի նեղացումը,
- Միզուկի լուսանցքի նեղացումը,
- Միզապարկի քարերը,
- Միզուկի քարերը,
- Միզուկի փականները,
- Շագանակագեղձի քախցկեղը,
- Շագանակագեղձի սուր բորբոքումը,
- Շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը,
- Ֆիմոզը (անդամի ծայրային թլիպի նեղացում),
- Շագանակագեղձի սկլերոզը,
- Միզապարկի վզիկի սկլերոզը,
- Միզարձակության նյարդային բնույթի խանգարումները,
- Միզապարկի քախցկեղը,
- Ցիստիտը և այլն:
Բուժման բոլոր եղանակներն ունեն համապատասխան ցուցումներ: Կան բուժման ոչ դեղորայքային (վարքագծային թերապիա), դեղորայքային և վիրահատական մեթոդներ:Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա հսկողությամբ զբաղվում է ուրոլոգը:
Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։