Որովայնի օրգանների և երիկամների սոնոգրաֆիա. Ե՞րբ կատարել

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի ճառագայթաբան՝ Քրիստինա Արտաշեսի Պորկշեյանը

Որովայնի և երիկամների գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան հանդիսանում է ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Ներքին օրգանների փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը օգնում է ճշգրիտ ախտորոշման բացահայտմանը հետագա հաջող բուժումը և կանխարգելումը կազմակերպելու համար:

Մեթոդի առանձնահատկությունները՝

  • չի պահանջում բարդ նախապատրաստում,
  • մատչելի է և էժան,
  • անվնաս է և անվտանգ ամեն տարիքի պացիենտների համար, գործնականորեն չունի հակացուցումներ և կիրառման սահմանափակումներ,
  • անցավ է և կապված չէ տհաճ զգացումների հետ,
  • որպես օրենք, չի պահանջում շատ ժամանակ,
  • թույլ է տալիս ստանալ ստույգ տեղեկատվություն ներքին օրգանների և հյուսվածքների կառուցվածքի մասին ռեալ ժամանակի ռեժիմում:

Հետազոտության ցուցումները՝

  • կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում անցկացնել տարվա մեջ 1 անգամից ոչ պակաս (ըստ միջազգային բժշկական կազմակերպությունների հանձնարարականների),
  • որովայնի և գոտկային շրջանի ցավոտ զգացումներ,
  • անբացատրելի սրտխառնոց և փսխում, փորլուծություն և փորկապություն, դեղնախտ, անհայտ ծագման այտուցներ, որովայնի խոռոչի շոշափվող գոյացություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • որովայնի բութ վնասվածք – ներքին արնահոսությունը և պարենխիմատոզ (կարծր) օրգանների լրիվ կամ մասնակի  պատռվածքը բացառելու նպատակով,
  • փոփոխություններ լաբորատոր ցուցանիշներում (բիոքիմիական, արյան և մեզի կլինիկական հետազոտության ցուցանիշների),
  • տարբեր բնույթի գոյացությունների դինամիկ հսկողություն (օրինակ՝ լեղապարկի, երիկամների քարեր, լյարդի գոյացություններ և այլն), որոնք հայտնաբերվել են գերձայնային և տոմոգրաֆիկ հետազոտությունների ժամանակ:

Հետազոտության հնարավորությունները՝

Որովայնի օրգանների և երիկամների սոնոգրաֆիայի ժամանակ հետազոտվում են լյարդը (այդ թվում նաև՝ լեղուղիները), լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, երիկամները, մակերիկամների շրջանը և որովայնի լիմֆատիկ հանգույցները: Սոնոգրաֆիան թույլ է տալիս որոշել օրգանների չափերը և տեղադրումը, դրանց կառուցվածքային փոփոխությունները, գոյացությունների, նաև՝ լեղու և մեզի արտահոսքի  արգելքի առկայությունը:

Որովայնի և երիկամների գերձայնային հետազոտության նախապատրաստումը՝

  Ցանկալի է հետազոտությունից 3 օր առաջ բացառել օրական ուտելիքից գազ առաջացնող մթերքներ: Հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում: