Որովայնի օրգանների և երիկամների սոնոգրաֆիա. Ե՞րբ կատարել
Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի ճառագայթաբան՝ Քրիստինա Արտաշեսի Պորկշեյանը
Որովայնի և երիկամների գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան հանդիսանում է ախտորոշման հիմնական մեթոդներից մեկը: Ներքին օրգանների փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը օգնում է ճշգրիտ ախտորոշման բացահայտմանը հետագա հաջող բուժումը և կանխարգելումը կազմակերպելու համար:
Մեթոդի առանձնահատկությունները՝
- չի պահանջում բարդ նախապատրաստում,
- մատչելի է և էժան,
- անվնաս է և անվտանգ ամեն տարիքի պացիենտների համար, գործնականորեն չունի հակացուցումներ և կիրառման սահմանափակումներ,
- անցավ է և կապված չէ տհաճ զգացումների հետ,
- որպես օրենք, չի պահանջում շատ ժամանակ,
- թույլ է տալիս ստանալ ստույգ տեղեկատվություն ներքին օրգանների և հյուսվածքների կառուցվածքի մասին ռեալ ժամանակի ռեժիմում:
Հետազոտության ցուցումները՝
- կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում անցկացնել տարվա մեջ 1 անգամից ոչ պակաս (ըստ միջազգային բժշկական կազմակերպությունների հանձնարարականների),
- որովայնի և գոտկային շրջանի ցավոտ զգացումներ,
- անբացատրելի սրտխառնոց և փսխում, փորլուծություն և փորկապություն, դեղնախտ, անհայտ ծագման այտուցներ, որովայնի խոռոչի շոշափվող գոյացություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- որովայնի բութ վնասվածք – ներքին արնահոսությունը և պարենխիմատոզ (կարծր) օրգանների լրիվ կամ մասնակի պատռվածքը բացառելու նպատակով,
- փոփոխություններ լաբորատոր ցուցանիշներում (բիոքիմիական, արյան և մեզի կլինիկական հետազոտության ցուցանիշների),
- տարբեր բնույթի գոյացությունների դինամիկ հսկողություն (օրինակ՝ լեղապարկի, երիկամների քարեր, լյարդի գոյացություններ և այլն), որոնք հայտնաբերվել են գերձայնային և տոմոգրաֆիկ հետազոտությունների ժամանակ:
Հետազոտության հնարավորությունները՝
Որովայնի օրգանների և երիկամների սոնոգրաֆիայի ժամանակ հետազոտվում են լյարդը (այդ թվում նաև՝ լեղուղիները), լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, երիկամները, մակերիկամների շրջանը և որովայնի լիմֆատիկ հանգույցները: Սոնոգրաֆիան թույլ է տալիս որոշել օրգանների չափերը և տեղադրումը, դրանց կառուցվածքային փոփոխությունները, գոյացությունների, նաև՝ լեղու և մեզի արտահոսքի արգելքի առկայությունը:
Որովայնի և երիկամների գերձայնային հետազոտության նախապատրաստումը՝
Ցանկալի է հետազոտությունից 3 օր առաջ բացառել օրական ուտելիքից գազ առաջացնող մթերքներ: Հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում: