ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ, ԻՄՈՒՆԻՏԵՏ, COVID-19…
Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-լաբորանտ, լաբորատոր ծառայության ղեկավար՝ Անահիտ Պետրոսյանը
Կորոնավիրուսային վարակը (COVID-19) SARS-CoV-2 շտամով հարուցվող վարակիչ հիվանդություն է, որն հայտնաբերվել է 2019թ․-ի դեկտեմբերին։
Կորոնավիրուսը մարդկանց մեջ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Վարակումից հետո ախտանիշները կարող են ի հայտ գալ 2 շաբաթվա ընթացքում՝ ջերմության բարձրացում, հազ, հևոց։ Կարող է դիտվել նաև հարբուխ, հոտի և համի զգացողության կորուստ, գլխացավ, ընդհանուր թուլություն, լուծ և սրտխառնոց։ Դիտվում է նաև հիվանդության անախտանիշ ընթացք: Ռիսկի խումբ են տարեցները, հղիները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները ։
Ի՞ՆՉ Է ՀԱԿԱՄԱՐՄԻՆԸ և Ի՞ՆՉ ՏԵՍԱԿՆԵՐԻ Է ԼԻՆՈՒՄ
Հակամարմինները սպիտակուցներ են, որոնք արտադրվում են իմուն համակարգի կողմից ի պատասխան հարուցչի ներթափանցման։ Հակամարմիններով է որոշվում վարակի զարգացման փուլը, ինչպես նաև հսկվում վարակի ընթացքը։
Հակամարմինները լինում են հետևյալ տեսակների՝
IgA` առաջանում է հիվանդության սկզբնական փուլում լորձաթաղանթներում հարուցիչների տեղային ազդեցության արդյունքում։ Դրանք չեն ձևավորում բջջային հիշողություն, որի պատճառով կայուն իմունիտետի ձևավորմանը չեն մասնակցում։
IgM` այս իմունոգլոբուլինները առաջինն են հայտնվում արյան մեջ ի պատասխան օտարածին անտիգենի։ Երկարատև իմունիտետ չեն ապահովում։ IgA և IgM առկայությունը վկայում է, որ հիվանդությունը ակտիվ փուլում է (նույնիսկ եթե ախտանիշները բացակայում են)։
IgG` պատասխանատու են տարած ինֆեկցիոն հիվանդությունից հետո երկարատև պաշտպանության համար և ապահովում են հիմնական իմուն պատասխանը։ IgG-ի մակարդակը դանդաղ է բարձրանում և կայուն մակարդակի է հասնում հիմնականում հիվանդության սկզբից 15-20 օր անց։
SARS-CoV-2-Ի ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարդու իմուն համակարգի հետ Coronaviridae ընտանիքի վիրուսների փոխազդեցությունն ունի առանձնահատկություն։ Մի շարք այլ հիվանդությունների դեպքում հիվանդի մոտ սկզբից արտադրվում են IgM դասի հակամարմիններ, իսկ ավելի ուշ՝ IgG։ Կորոնավիրուսային վարակի դեպքում M և G դասի հակամարմինները հայտնաբերվում են գրեթե միաժամանակ, այդ իսկ պատճառով նրանց առանձին որոշումը ոչ մի ախտորոշիչ նշանակություն չունի։
IgM և IgG դասի գումարային հակամարմինների թեսթ համակարգը կարող է հայտնաբերել հակամարմինները հիվանդության կլինիկական դրսևորման 5-րդ օրվանից, սակայն ըստ որոշ հեազոտությունների հակամարմինները կարող են սինթեզվել ավելի ուշ։
Ի՞ՆՉ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ COVID-19-Ի ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ի տարբերություն այլ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնց դեպքում հակամարմինների որոշումը կարող է լինել ախտորոշում, հիվանդության մոնիթորինգի կամ վաղեմության ցուցանիշ, COVID-19-ի հակամարմինները ցույց են տալիս միայն ձևավորված իմունիտետի առկայությունը տվյալ պահի համար:
COVID-19-Ի ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒ՞Մ Է ԿՐԿՆԱՎԱՐԱԿԻՑ
COVID-19-ի նկատմամբ հակամարմինների դրական պատասխանը չի կարող համարվել վիրուսի նկատմամբ անընկալության 100%-անոց երաշխիք։
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ անգամ 6 ամիս հետո հակամարմինները ամբողջությամբ չեն հավասարվում 0-ի, սակայն դեռևս գիտականորեն հաստատված վերջնական տվյալներ չկան,թե ինչ տևողությամբ է պահպանվում իմունիտետը։