Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյանը
Անալ ճաքը հետանցքի մաշկի (անոդերմայի) ճեղքանման կամ եռանկյունաձև դեֆեկտ է: Այն կարող է առաջանալ մեծ տրամագծով, պինդ կղանքով դեֆեկացիայի ճամանակ: Անալ ճաքին բնորոշ են աղիները գործելու ժամանակ և դրանից հետո հետանցքի շրջանում ցավը, անալ սեղմանի սպազմը և հետանցքից արյունահոսությունը:
Անալ ճաքը շատ տարածված է երիտասարդների մոտ, բայց կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում: Շատ դեպքերում այն կարող է լավանալ մանրաթելերով հարուստ սննդակարգի և նստած տաք լոգանքների կիրառումով: Որոշ դեպքերում անհրաժեշտ է կիրառել դեղորայքային կամ վիրահատական բուժում:
Ախտանիշները.
- ցավ ( որոշ դեպքերում սաստիկ) աղիները գործելու ժամանակ,
- ցավ կամ այրոցի զգացողություն աղիները գործելուց հետո, որը կարող է տևել մի քանի ժամ,
- վառ կարմիր արյուն կղանքի կամ զուգարանի թղթի վրա,
- տեսանելի ճեղք հետանցքի շրջակա մաշկի վրա,
- քոր կամ մռմռոց հետանցքի շրջանում,
- ճաքի եզրին մաշկի ծալքի կամ հանգույցի առկայություն:
Անալ ճաքի հիմնական պատճառները.
- մեծ տրամագծով, պինդ կղանքով դեֆեկացիա,
- փորկապություն կամ ավելորդ ճիգերի գործադրում դեֆեկացիայի ժամանակ,
- քրոնիկ դիարեա,
- անալ հարաբերություն,
- ծննդաբերություն:
Անալ ճաքի ավելի քիչ հանդիպող պատճառներից են.
- Կրոնի հիվանդությունը կամ աղիների այլ բորբոքային հիվանդություններ,
- անալ քաղցկեղ,
- ՄԻԱՎ,
- տուբերկուլյոզ,
- սիֆիլիս և այլ սեռավարակներ:
Ռիսկի գործոններ
Գործոնները, որոնք մեծացնում են անալ ճաքի առաջացման ռիսկը ներառում են.
- փորկապություն. ճիգերի գործադրումը աղիները գործելու ժամանակ և պինդ կղանքի առկայությունը մեծացնում են ճաքի առաջացման հավանականությունը,
- ծննդաբերություն. անալ ճաքը ավելի տարածված է ծծնդաբերած կանանց մոտ
- Կրոնի հիվանդություն. աղիների այս բորբոքային հիվանդությունը առաջացնում է ստամոքս-աղիքային ուղու քրոնիկ բորբոքում, որը կարող է ներառել անալ կանալը:
- տարիքը. անալ ճաքը կարող է հանդիպել ամեն տարիքում, սակայն ավելի հաճախ է հանդիպում վաղ մանկական հասակի երեխաների և միջին տարիքի չափահասների մոտ:
Բարդությունները
Անալ ճաքի բարդությունները կարող են ներառել.
- Առողջացման ձախողում: Անալ ճաքը, որը չի լավանում 8 շաբաթվա ընթացքում դիտարկվում է որպես քրոնիկ:
- Կրկնություն: Անալ ճաք ունենալու փաստը մեծացնում է հաջորդ անգամ դրա առաջանալու հավանականությունը:
- Շրջակա մկանների (ներքին անալ սեղմանի) վնասում, որը առաջացնում է սեղմանի սպազմ, ինչի հետևանքով դժվարանում է ճաքի լավացումը: Նման դեպքում կարող է առաջանալ դեղորայքային կամ վիրահատական բուժման անհրաժեշտություն:
Կանխարգելում
Անալ ճաքի առաջացումը կարելի է կանխարգելել կանխելով փորկապությունը կամ լուծը, օգտագործելով մանրաթելերով հարուստ սնունդ, խմելով շատ հեղուկներ, կատարելով ֆիզիկական վարժություններ, խուսափելով ավելորդ ճիգերից աղիները գործելու ժամանակ:
Diagnostics
Ախտորոշումը դրվում է գանգատների, հիվանդության անամնեզի և ֆիզիկալ զննման հիման վրա, որը ներառում է հետանցքի շրջանի մանրակրկիտ զննումը: Հաճախ ճեղքը տեսանելի է և ախտորոշման համար վերոնշյալը բավարար է:
Սուր անալ ճաքը նման է թարմ պատռվածքի: Քրոնիկ անալ ճաքը ավելի խոր ճեղքի տեսք ունի, եզրերը կարող են լինել համեմատաբար պինդ, ինչպես նաև կարող է դիտվել շրջակա հյուսվածքների հավելյալ աճ, հիպերտրոֆիկ անալ պտկիկ:
Ճաքի տեղակայումը կարող է հուշել այն առաջացրած պատճառի մասին: Կողմնային ուղղությամբ տեղակայված ճաքերը խոսում են այլ հիվանդության առկայության մասին, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը: Ախտորոշումը ճշտելու նպատակով բժիշկը կարող է խորհուրդ տալ անցնել այլ հետազոտություններ, ինչպիսիք են.
- Անոսկոպիա. անոսկոպը խողովակաձև գործիք է, որը օգնում է բժշկին զննել հետանցքը և ուղիղ աղին:
- Ճկուն սիգմոիդոսկոպիա. կատարվում է հաստ աղու ստորին հատվածները զննելու համար: Այս հետազոտությունը կարող է անցկացվել 50-ից երիտասարդ տարիքի անձանց մոտ, որոնք ունեն հաստ աղու քաղցկեղով հիվանդացության ցածր ռիսկ:
- Կոլոնոսկոպիա. կատարվում է հաստա աղու ամբողջական զննման նպատակով, երբ գոյություն ունի կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այլ հիվանդություններ և վիճակներ, որոնցով պայմանավորված է որովայնում ցավը և լուծը:
Բուժումը
Անալ ճաքը հաճախ բուժվում է մի քանի շաբաթվա ընթացքում, օգտագործելով մանրաթելերով հարուստ սնունդ և օրական մի քանի անգամ 10-20 րոպե տևողությամբ տաք ջրի մեջ նստելով, հատկապես դեֆեկացիայից հետո: Դա օգնում է ներքին անալ սեղմանի տոնուսի իջեցմանը և ճաքի լավացմանը:
Դեղորայքային բուժում
Նիտրոգլիցերինի քսուկի արտաքին օգտագործումը թուլացնում է ներքին անալ սեղմանը, բարելավում է արյան հոսքը դեպի անալ ճաքը, այդպիսով նպաստելով դրա լավացմանը: Կողմնակի էֆեկտները կարող են ներառել գլխացավը, որը որոշ դեպքերում կարող է բավականին ուժգին լինել: Նման դեպքերում կարող են կիրառվել Նիֆեդիպինի կամ Դիլտիազեմի տեղային կամ պերօրալ պրեպարատներ:
Տեղային անզգայացնողների կիրառումը, ինչպիսին է Լիդոկաինի քսուկը կարող է թեթևացնել ցավը:
A տիպի բոտուլոտոքսինի ներարկումը պարալիզացնում է ներքին անալ սեղմանը, թուլացնում է սպազմը, նպաստելով ճաքի լավացմանը:
Վիրահատական բուժում
Եթե առկա է քրոնիկ անալ ճաք, որը կայուն է բուժման հանդեպ, կամ ախտանիշները արտահայտված են, բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատական բուժում: Հաճախ կատարվում է միջամտություն, որը կոչվում է կողմնային ներքին սֆինկտերոտոմիա: Այն ենթադրում է ներքին անալ սեղմանի մի մասնաբաժնի հատում, ինչը վերացնում է սպազմը և նպաստում ճաքի լավացմանը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ անալ ճաքի ժամանակ վիրահատական բուժումը շատ ավելի էֆեկտիվ է քան դեղորայքայինը: Այնուամենայնիվ առկա է անկղապահության փոքր ռիսկ, որը հիմնականում անցնում է հետվիրահատական առաջին շաբաթների ընթացքում:
Ապրելակերպի որոշ փոփոխություններ օգնում են թուլացնել դիսկոմֆորտը և ցավը, նպաստելով ճաքի բուժմանը և կանխարգելելով կրկնությունը.
- օրական 25-30 գրամ մանրաթելերի ընդունումը փափկացնում են կղանքը, արագացնելով ճաքի լավացումը: Մանրաթելերով հարուստ սննդամթերքը ներառում են մրգերը, բանջարեղենը, ընկուզեղենը և հացահատիկները,
- օրական 1,5-2լ հեղուկի ընդունումը օգնում է կանխարգելել փորկապությունը:
Խուսափեք ավելորդ ճիգերի գործադրումից դեֆեկացիայի ժամանակ, ինչը կարող է բացել լավացած ճաքը, կամ առաջացնել նորը:
Ե՞րբ դիմել բժշկի․
Դիմեք բժշկի երբ զգում եք ցավ աղիները գործելու ժամանակ և (կամ) դրանից հետո, կամ երբ նկատում եք արյուն զուգարանում կամ զուգարանի թղթի վրա:
Ի՞նչպես պատրաստվել այցին․
Որոշ տեղեկատվություն, որը կօգնի նախապատրաստվել այցին:
Ճշտեք, թե ի՞նչ պետք է անել նախօրոք, (օրինակ մնալ սոված որոշ հետազոտություններ անցնելու նպատակով):
Ձեր բժիշկը կարող է տալ հետևյալ հարցերը.
- ե՞րբ են սկսվել ախտանիշները,
- ախտանիշները մշտական են , թե՞ ի հայտ են գալիս ժամանակ առ ժամանակ,
- իչքան ուժգին են արտահայտված ախտանիշները,
- ե՞րբ եք ամենաշատը զգում դրանք,
- կա՞ ինչ-որ բան, ինչը թեթևացնում է ախտանիշները,
- ի՞նչն է ուժեղացնում ախտանիշները,
- ունե՞ք արդյոք այլ հիվանդություններ, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը,
- ունե՞ք արդյոք փորկապություն:
- բոլոր դեղամիջոցների, վիտամինների և հավելումների մասին որոնք Դուք ընդունում եք:
Պատրաստեք հարցեր, որոնք պետք է տաք Ձեր բժշկին: Որոշ հիմնական հարցեր կարող են ներառել հետևյալը.
- ինչն է առաջացնում ախտանիշները,
- կան արդյոք այլ պատճառներ, որոնք առաջ են բերում ախտանիշներ,
- կա արդյո՞ք այլ հետազոտություններ անցնելու կարիք,
- այդ վիճակը սուր է թե՞ քրոնիկ,
- կան արդյո՞ք սահմանափակումներ, որոնց պետք է հետևել,
- ո՞րն է լավագույն լուծումը տվյալ դեպքում,
- բուժման ի՞նչ ալյընտրանքային եղանակներ գոյություն ունեն,
- եթե կան ուղեկցող հիվանդություններ, ինչպե՞ս վարել դրանք,
- ինֆոմացիայի ի՞նչ հավելյալ աղբյուրներից է խորհուրդ տրվում օգտվել: