Հաստ աղու պոլիպներ

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկպրոկտոլոգ, էնդոսկոպիստ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյանը

Պոլիպները աղիքի լորձաթաղանթի աննորմալ աճն են:  Դրանք հիմնականում լինում են բարորակ, բայց ժամանակի ընթացքում որոշները կարող են չարորականալ առաջացնելով հաստ աղու քաղցկեղ:

Տարբերում են պոլիպների երկու հիմնական կատեգորիա՝ նեոպլաստիկ, և ոչ նեոպլաստիկ: Նեոպլաստիկ պոլիպները ներառում են ադենոմաները և ատամնավոր պոլիպները: Ոչ նեոպլաստիկ պոլիպները ներառում են հիպերպլաստիկ, բորբոքային և համարտոմատոզ պոլիպները:  Ընդհանուր առմամբ որքան մեծ է պոլիպի չափը այնքան մեծ է նրա չարորակացման ռիսկը, հատկապես նեոպլաստիկ պոլիպների պարագայում:

Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ պոլիպներ, սակայն դրանց ի հայտ գալու ռիսկը մեծանում է հատկապես 50 տարեկանից հետո, ծխողների և ավելորդ քաշ ունեցողների, ընտանիքում հաստ աղու քաղցկեղի անամնեզ ունեցողների մոտ:

Հաստ աղու պոլիպները հաճախ չեն առաջացնում ախտանիշներ այդ պատճառով կարևոր է պարբերաբար անցնել կանխարգելիչ ստուգումներ ինչպիսին է կոլոնոսկոպիան, քանի որ այդ դեպքում պոլիպները հայտնաբերվում են վաղ փուլում, կարող են հեռացվել ամբողջությամբ, այդպիսով կանխելով հաստ աղու քաղցկեղի առաջացումը: Քանի որ աղիքի լորձաթաղանթը չունի ցավազգաց ընկալիչներ, պոլիպների էնդոսկոպիկ հեռացումը ցավ չի առաջացնում, կարող է կատարվել ամբուլատոր պայմաններում և հազվադեպ է առաջացնում բարդություններ:

Ախտանիշներ

Հաստ աղու պոլիպները կարող են չառաջացնել ախտանիշներ և հայտնաբերվեն միայն կոլոնոսկոպիայի ժամանակ:

Որոշ դեպքերում ախտանիշները ի հայտ են գալիս հետևյալ կերպով.

  • Աղիքային արյունահոսություն: Սա կարող է լինել հաստ աղու պոլիպի, քաղցկեղի կամ այլ հիվանդությունների ախտանիշ ինչպիսիք են թութքը, անալ ճաքը, աղիների բորբոքային հիվանդությունները և այլն:
  • Կղանքի գույնի փոփոխություն: Արյունը կարող է լինել կղանքի հետ խառնված թելերի կամ մակարդուկների տեսքով, կամ կղանքի գույնը կարող է փոխվել սևի: Կղանքի գույնի փոփոխությունը կարող է նաև կապված լինել ընդունած սննդի կամ դեղորայքի հետ:
  • Աղիների գործելու սովորության փոփոխություն: Փորկապությունը կամ լուծը, որը տևում է երկար քան մեկ շաբաթ կարող են վկայել հաստ աղու մեծ պոլիպի մասին:
  • Ցավ: Հաստ աղու մեծ պոլիպը կարող է մասնակիորեն խցանել աղիքի լուսանցքը առաջացնելով կծկումային ցավեր:
  • Երկաթ դեֆիցիտային սակավարյունություն: Պոլիպից արյունահոսությունը կարող է լինել դանդաղ, երկար ժամանակի ընթացքում, առանց կղանքում տեսանելի արյան առկայության: Քրոնիկ արյունահոսությունը առաջ է բերում երկաթի պակաս օրգանիզմում և սակավարյունություն: Սակավարյունության հետևանքով առաջանում է թուլություն, հոգնածություն և շնչարգելություն:

Ե՞րբ դիմել բժշկի:

Դիմեք բժշկի եթե ունեք.

  • ցավ որովայնում
  • կղանքում արյան առկայություն
  • աղիների գործելու սովորությունների փոփոխություն, որը տևում է մեկ շաբաթից ավել:

Դուք պետք է անցնեք կանոնավոր ստուգումներ եթե.

  • Ձեր տարիքը 50 տարեկանից ավել է,
  • Դուք ունեք ռիսկի գործոններ ինչպիսիք են հաստ աղու քաղցկեղի ընտանեկան պատմությունը: Որոշ բարձր ռիսկ ունեցող անձինք պետք է սկսեն սկրինինգը 50 տարեկանից շուտ:

Առաջացման պատճառները:

Առողջ բջիջները աճում են և բաժանվում կանոնավոր ձևով: Որոշ գեներում մուտացիաները կարող են առաջացնել բջիջների անկանոն աճ և բաժանում, որը հաստ աղիքում հանդիսանում է պոլիպների առաջացման պատճառ: Պոլիպները կարող են առաջանալ հաստ աղու յուրաքանչյուր հատվածում:

Բորբոքային պոլիպները կարող են հայտնաբերվել խոցային կոլիտի և Կրոնի հիվանդության ժամանակ: Չնայած այդ պոլիպները նշանակալի վտանգ չեն ներկայացնում, այնուամենայնիվ խոցային կոլիտի կամ Կրոնի հիվանդության առկայությունը մեծացնում է հաստ աղու քաղցկեղի ռիսկը:

Նեոպլաստիկ պոլիպները ներառում են ադենոմաները և ատամնավոր պոլիպները: Հաստ աղու պոլիպները հիմնականում ադենոմաներ են: Ատամնավոր պոլիպները կարող են վերածվել քաղցկեղի կախված իրենց չափերից և հաստ աղիքում  տեղակայումից: Ընդհանուր առմամբ որքան մեծ է պոլիպը, այնքան մեծ է նրա չարորակացման ռիսկը:

Ռիսկի գործոնները

Գործոնները, որոնք ազդում են հաստ աղու պոլիպների կամ քաղցկեղի առաջացման վրա ներառոմ են.

  • Տարիքը. Հաստ աղու պոլիպներ ունեցողների տարիքը հիմնականում 50 տարեկան և ավելի է:
  • Աղիների բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն:
  • Ընտանեկան անամնեզ. ավելի հավանական է պոլիպների կամ քաղցկեղի առաջացումը այն մարդկանց մոտ, որոնց ընտանիքի անդամները և մոտ հարազատները ունեն հաստ աղու պոլիպներ կամ քաղցկեղ: Ռիսկը ավելի շատ է, որքան ընտանիքում շատ է նշված մարդկանց քանակը:
  • Ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:
  • Ճարպակալումը և ֆիզիկական ակտիվության պակասը:
  • Ռասսան. Աֆրոամերիկացիները ունեն կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ամենաբարձր ռիսկը:
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Ժառանգական հիվանդություններ

Հազվադեպ մարդիկ ժառանգում են գենետիկ մուտացիաներ, որոնք պոլիպների առաջացման պատճառ են: Եթե մարդը ունի այդ մուտացիաներից մեկը ապա առկա է հաստ աղու քաղցկեղի առաջացման առավել բարձր ռիսկ: Սկրինինգը և վաղ հայտնաբերումը կարող են օգնել կանխարգելել քաղցկեղի առաջացումը:

Ժառանգական հիվանդությունները, որոնք առաջացնում են հաստ աղու պոլիպներ ընդգրկում են.

  • Լինչի սինդրոմը, որը կոչվում է նաև ժառանգական ոչ պոլիպոզ կոլոռեկտալ քաղցկեղ: Լինչի սինդրոմով մարդիկ հակված են ունենալ համեմատաբար քիչ հաստ աղու պոլիպներ, բայց այդ պոլիպները կարող են արագ վերածվել քաղցկեղի: Լինչի սինդրոմը հաստ աղու քաղցկեղի ժառանգական ամենահաճախ հանդիպող ձևն է և ասոցացվում է կրծքագեղձի, ստամոքսի, բարակ աղիքի միզուղիների և ձվարանի քաղցկեղի հետ:
  • Ժառանգական ադենոմատոզ պոլիպոզը (FAP) հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ հաստ աղիքում առաջանում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր պոլիպներ հաճախ սկսած կյանքի երկրորդ տասնամյակից: Չբուժվելու դեպքում այս հիվանդության ժամանակ հաստ աղու քաղցկեղի առաջացման հավանականությունը համարյա 100 տոկոս է, հաճախ մինչև 40 տարեկանը: Գենետիկ հետազոտությունը կարող է որոշել այս սինդրոմի առաջացման ռիսկը:
  • Գարդների համախտանիշը ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզի տարբերակ է, որի ժամանակ պոլիպներ են առաջանում բարակ և հաստ աղիքում: Այս հիվանդության ժամանակ կարող են առաջանալ ոչ քաղցկեղային ուռուցքներ նաև մարմնի այլ մասերում, ներառյալ մաշկը և ոսկրերը:
  • MYT-ասոցացված պոլիպոզը (MAP) նման է ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզին և առաջանում է MYT գենի մուտացիայի հետևանքով: Այս համախտանիշով մարդիկ հաճախ երիտասարդ տարիքում ունենում են բազմաթիվ ադենոմատոզ պոլիպներ հաստ աղիքում: Գենետիկ թեստավորումը օգնում է որոշելու այս համախտանիշի առաջացման ռիսկը:
  • Պեյց-Յեգերսի համախտանիշը սովորաբար դրսևորվում է ամբողջ մարմնի մակերեսին ներառյալ շուրթերին, լնդերին ներբաններին պեպենների առկայությամբ: Այնուհետև ոչ քաղցկեղածին պոլիպներ են ի հայտ գալիս մարսողական ուղում: Պոլիպները կարող են չարորականալ , այդպիսով այս համախտանիշով մարդիկ ունեն հաստ աղու քաղցկեղի բարձր ռիսկ:
  • Ատամնավոր պոլիպոզի համախտանիշի ժամանակ հաստ աղու վերին հատվածներում առաջանում են ատամնավոր ադենոմատոզ պոլիպներ, որոնք ունեն չարորակացման բարձր ռիսկ:

Կանխարգելում

  • Առողջ ապրելակերպ. Ներառում է բավարար քանակությամբ մրգերի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկների օգտագործումը սննդակարգում և ճարպերի քանակի նվազեցում սննդի մեջ: Մնացեք ֆիզիկապես ակտիվ և պահեք առոջղ մարմնի քաշ:
  • Հարցրեք Ձեր բժշկին կալցիումի և D վիտամինի մասին. Հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդի հետ ընդունվող կալցիումի քանակի մեծացումը կանխում է հաստ աղու ադենոմաների առաջացումը: Սակայն դեռևս պարզ չէ արդյոք կալցիումը ունի կանխարգելիչ նշանակություն հաստ աղու քաղցկեղի առաջացման մեջ: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին D-ն ունի կանխարգելիչ նշանակություն հաստ աղու քաղցկեղի առաջացման գործում:
  • Դիտարկեք Ձեր քայլերը եթե ունեք հաստ աղու քաղցկեղով հիվանդացության բարձր ռիսկ: Եթե ունեք հաստ աղիքի քաղցկեղի կամ պոլիպների ընտանեկան անամնեզ, դիտարկեք գենետիկ թեստավորում անցնելու տարբերակը: Եթե Ձեր մոտ ախտորոշվել է ժառանգական որևէ համախտանիշ, որը առաջացնում է հաստ աղու պոլիպներ կամ քաղցկեղ, Դուք պետք է կանոնավոր կերպով անցնեք կոլոնոսկոպիա սկսած հնարավորինս վաղ տարիքից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա