«Cito» բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Լուսինե Հարությունյանը ներկայացնում է կորոնավիրուսի բուժման ընթացքում և դրանից հետո թույլ տրվող կոպիտ սխալների մասին տեղեկատվություն, որոնք շատ դեպքերում կարող են կյանք արժենալ: Հորդորում ենք ամենայն մանրամասնությամբ կարդալ նյութը և հետևողական լինել:
1.Անհարկի խուճապի մատնվելը:
Խուճապի մատնվելը հիվանդներին բուժման ընթացքում չափից շատ է խանգարում: Սա հիմնականում տեղի է ունենում տեղեկատվական անկառավարելի հոսքի պատճառով: Մարդիկ խուճապահար բուժման արդյունավետ մեթոդներ են փնտրում տարբեր աղբյուրներից և հետևում են տրվող բոլոր խորհուրդներին, այն ինչ շատ կարևոր է վստահել միայն մեկ բժշկի և կատարել միայն նրա ցուցումները:
Պետք է համբերատար լինել: Պետք չէ այլ հիվանդների հետ համեմատվել, հուսահատվել: Հիվանդության ընթացքը խիստ անհատական է:
2.Հակաբակտերիալ և հորմոնալ բուժման իրականացում 5-10 տոկոս ախտահարմամբ թոքաբորբերի դեպքում:
Մինչև 5-10 տոկոս ախտահարմամբ թոքաբորբերի դեպքում ցանկալի չէ իրականացնել հակաբակտերիալ, առավել ևս՝ հորմոնալ բուժում: Շատ ունենք դեպքեր, երբ 5-10 տոկոս ախտահարմամբ թոքաբորբերի դեպքում նշանակվում են կորտիկոստերոիդներ՝ շատ մեծ չափաբաժիններով, ինչը կարող է հանգեցնել մեծ թվով կողմնակի ազդեցությունների՝ հատկապես շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ։ Նույնիսկ այն մարդիկ ովքեր նախկինում արյան մեջ գլյուկոզայի քանակը կարգավորել են սննդակարգով, արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակություն են ունենում:
3.Հակաբիոտիկների ոչ տեղին նշանակումը:
Սա վիրուսային վարակ է, թոքաբորբը վիրուսային է և համաշխարհային գրականության ցուցումներով մինչև 8 տոկոս դեպքերում է միայն հակաբակտերիալ բուժում ցուցված, իսկ 92 տոկոս դեպքերում հակաբիոտիկներ առհասարակ ցուցված չեն:
Հավատացեք, որ առաջին հերթին հենց հիվանդին է դժվար համոզել սա: Միայն բժիշկը կարող է ասել՝ հիվանդին ցուցված է հակաբիոտիկային բուժում թե՞ ոչ: Սակայն հիվանդները սովորաբար շրջապատում են հարցուփորձ անում, իրենց համեմատում այլ մարդկանց հետ և ինքնուրույն բուժում նշանակում՝ վախենալով, որ եթե հակաբիոտիկային բուժում չստանան, ապա թոքաբորբը կխորանա:
Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե թոքաբորբ է, ապա անպայման պետք է հակաբիոտիկներ ստանալ: Բայց այս մտայնությունը սխալ է: Հակաբիոտիկների ոչ տեղին նշանակման դեպքում հնարավոր է նույնիսկ վիրուսի թափանցելիություն ուժեղացնում: Ինչպես գիտենք, հակաբիոտիկները հանգեցնում են նաև իմունիտետի անկնման, և դա արդեն իսկ հանգեցնում է մի շարք բարդությունների:
Բուժումից հետո հակաբիոտիկների կիրառումը՝ լուծերի առաջացման պատճառ:
Կորոնավիրուսից բուժված մարդկանց մոտ լուծերի առաջացման պատճառներից մեկն էլ հակաբիոտիկների ընդունումն է: Իմ դիտարկումներով կարող եմ ասել, որ շատ մեծ թիվ են կազմում հակաբիոտիկային լուծի զարգացման դեպքերը, որն ի դեպ շատ դժվար է բուժվում:
4.Համատարած նույն չափաբաժիններով հակամակարդիչների նշանակումն՝ առանց հաշվի առնելու արյան մակարդելիության անհատական ցուցանիշները:
Սա շատ մեծ խնդիր է: Շատ ենք հանդիպել հիվանդների, ում մոտ ՊՇՌ հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուս կամ համակարգչային տոմոգրաֆիայով հաստատվել է թոքաբորբ և նրանց նշանակվել են հակամակարդիչներ մեծ դեղաչափերով, ընդ որում՝ ներարկման ձևով՝ առանց ստուգելու մակարդելիությունը: Դրա արդյունքում առաջանում են արյունահոսության դեպքեր: Այդ պատճառով հնարավորության սահմաններում գոնե մեկ անգամ անհրաժեշտ է ստուգել արյան մակարդելիությունը, հետո նոր միայն հակամակարդիչներ նշանակել:
5.Լավացման շրջանում արյան մակարդելիության ցուցանիշների անտեսումը:
Հատկապես լավացման շրջանում անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել արյան մակարդելիությանը: Այս հիվանդությունը երկարատև անոթային խնդիրներ առաջացնող հիվանդություն է և ունենք բազմաթիվ հիվանդներ, որոնք լավացման փուլում ունենում են սրտի և անոթների հետ կապված խնդիրներ: Ստորին վերջույթների թրոմբոզներով բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, եղել են նաև ուղեղի կաթվածի դեպքեր: Պետք է խիստ հետևողական լինել արյան մակարդելիությանը:
6.Իմունոմոդուլյատորների ընդունումը:
Այժմ շատ մեծ տարածում ունի իմունիտետ բարձրացնող դեղահաբերի ընդունումը: Կարծում եմ, որ սա շատ մեծ խնդիր է: Նման միջոցներ ընդունելուց առաջ կարևոր է հաշվի առնել իմուն ստատուսը:
Եթե բուժման ավարտից հետո ջերմության կարճաև բարձրացում եք ունենում առանց ինքնազգացողության վատացման (առանց սատուրացիայի ցուցանիշի նվազման) պետք է պարզապես սպասել: Չի կարելի ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել:
Նյութը պատրաստեց Արմինե Սարգսյանը (www.doctors.am)